Բաժիններ՝

Նա բարության, ազնվության և արդարության կրողն էր. տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը

Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ազատամարտիկի մարտական ընկերները, հարազատները բազմաթիվ քաղաքացիներ:

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ազատամարտիկի մահը շատ մեծ կորուստ էր հայ ժողովրդի համար: Արայիկ Խանդոյանի նման  մարդիկ տասնամյակներ մեկ են ծնվում, և նա ոգու և միևնույն ժամանակ բարության, ազնվության և արդարության կրողն էր, որ օրինակ էր բոլոր երիտասարդների համար: Այդպիսի մարդիկ իրականում չեն մահանում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Արցախյան ազատամարտի տարիներին ձևավորված ամենամեծ ջոկատի՝ «Հայոց ազգային բանակի»  գնդապետ և Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր Արամ Թորգոմյանը ասաց, որ Արայիկ Խանդոյանի նման մարդիկ օրինակ են երիտասարդ սերնդի համար:

«Նման մարդկանց դարերով հիշելու են: Ամեն հարյուրամյակը մեկ  հայ ազգը ծնում է հերոսներ, որոնք իրենց ուսերի վրա տանում են հայոց հաղթարշավը: Ցավոք, մեր շարքից պակասում են նրանք, ովքեր իրենց ապրած կյանքով դաս ու հայրենասիրություն են դավանում երիտասարդ սերնդին: Արայիկի նմանները չեն մահանում, նրանք հավերժ կմնան մեր պատմության էջերում»,- ասաց Թորգոմյանը:

Հոկտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։

Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ: Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնեցին իրավապահներին: Այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, և նա ազատ էր արձակվել:

Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս