Բաժիններ՝

«Կրճատումներ արվել են նաև հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու»

ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: Քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար:

«Այդ կրճատումներից տոնը վստահաբար չի տուժել: Այն լինելու է շատ շքեղ և հետաքրքիր մեր երևանցիների համար»,-ասաց նա:

Հայկ Մարությանը չնշեց, թե որքան գումար է տնտեսվել կրճատումների արդյունքում, բայց վստահեցրեց, որ շատ լավ տնտեսում է եղել քաղաքի համար:

«Կրճատումներ արվել են նաև հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու»,-ասաց քաղաքապետ:

Լրագրողների այն հարցին, թե կրճատումներ սպասվում են արդյոք քաղաքապետարանի աշխատակազմում, Մարությանն ասաց, որ պատրաստ է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ունեն բարձր մասնագիտական հմտություններ:

«Մենք պատրաստ ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով աշխատել և չունեն որևէ խնդիր օրենքի, արդարության հետ: Դա չի նշանակում, որ չեն լինելու փոխարինումներ»,-նշեց նա:

Նա հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ սպասվում են շուտով: Հայկ Մարությանը վստահեցրեց, որ դրանց մասին կտեղեկանան բոլորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս