«Մարալիկի միջադեպը պարզունակ սադրանք է եղել, որը թույլ են տվել «ԱդեկվաԴները»». Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակների և օպերատորի հետ տեղի ունեցած միջադեպը  պարզունակ սադրանք է եղել, որը, նրա բնորոշմամբ, թույլ է տրվել ««ԱդեկվաԴ» կոչվածների» կողմից։

Հիշեցնենք, որ միջադեպի հաջորդ օրը Դավիթ Սանասարյանը մեկնել էր Մարալիկ և տեղում ծանոթացել իրավիճակին։

Ըստ նրա, ինքն «ԱդեկվաԴների» միջադեպի պատճառով չէր գնացել Մարալիկ, այլ մի շարք մարալիկցիներ դիմել էին իրեն, որ համայնքապետարանում տեղի են ունենում չարաշահումներ, ուստի գնացել էր դեպքն ուսումնասիրելու։

«Մարալիկում լսել ենք քաղաքացիների բողոքները՝ կապված չարաշահումների հետ, մնացածն ուսումնասիրությունները պետք է պարզի, թե ինչ է կատարվել։ Մարալիկցիներին կոչ եմ արել, որ ավելի հանդուրժող լինեն։ «ԱդեկվաԴների» միջադեպում որևէ ծեծկռտուք չի եղել, պարզունակ սադրանք է եղել, լավ է, որ այդ ամենը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Մեր օրենքով ես ունեմ այդ լիազորությունները, որ ցանկացած իրադարձություն վերաբերյալ գործառույթ ունեմ և կարող եմ տեղում պարզել, թե ինչ է տեղի ունեցել։  Այցս Մարալիկ միջադեպի հետ զուտ համընկել է, այն պլանավորված չէր, քանի որ ունենք ռեսուրսների խնդիրներ, և նախապես պլանավորում ենք, թե ինչ հաջորդականությամբ ենք իրականացնելու մեր ուսումնասիրությունները»,- նշեց Դավիթ Սանասարյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչպես կարող էր ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդին՝ Լևոն Ալավերդյանը, նշանակվել վարչության պետ, Դավիթ Սանասարյանը նկատեց, որ Լևոն Ալավերդյանն այն ուսյալ, պրոֆեսիոնալ երիտասարդն է, ով արդեն լուրջ արդյունքներ է ցուցաբերել ծառայությունում և այսօր  արդեն ղեկավարում է քրեակատարողականների ուսումնասիրությունները։

«Եթե այսպես նայենք, բացառապես պետք է պետական համակարգում անփորձներ լինեն, որոնց հետ մենք պետք է գնայինք և սովորեցնեինք՝ ինչպես պետք է իրականացնեն ուսումնասիրություններ։ Այս նշանակման հետ կապված քննադատությունները տեղին չեմ համարում, մասնագետների ընտրությունն անում եմ պրոֆեսիոնալների շրջանում»,- ասաց Դ. Սանասարյանը։

Խոսելով առաջիկայում կատարվող ուսումնասիրություններից, Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ այժմ քրեակատարողական ծառայությունում և Աջակցություն  դատապարտյալներին հիմնադրամում են ստուգումներ իրականացնում։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս