
Ամո՞ւր է արդյոք Թրամփի կողմնակիցների խումբը

Ծանր պայքարից հետո, Գերագույն դատարանում Բրեթ Քավանոյի նշանակումը նշանավորեց Դոնալդ Թրամփի քաղաքական հաղթանակը: Դատավորին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ: Մեղադրանք, որը նա հերքում էր: Սակայն այժմ նախագահն օգտագործում է այս հաղթանակը՝ ընտրություններից առաջ հանրապետականներին ոգեւորելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Նոյեմբերի 6-ին դուք կարող եք կանգնեցնել ծայրահեղական դեմոկրատներին՝ ընտրելով հանրապետական Ներկայացուցիչների պալատ ու Սենատ»:
Դեմոկրատները նույնպես օգտագործում են Քավանոյի նշանակումը՝ բողոքի ցույցեր կազմակերպելով:
«Մենք բարձրացնում ենք սեռական ոտնձգությունների միլիոնավոր զոհերի ձայնը: Չենք ընդունում, որ կանայք պետք է նստեն ու լռեն», – նշում է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Վերլուծաբանների խոսքով, Քավանոյի շուրջ հակասությունները ոտքի են հանում բոլոր ճամբարներին հարող ընտրողներին:
«Հանրապետականների ոգեւորությունը կզգացվի ընտրություններում, սակայն, կարծում եմ, Քավանոյի նշանակումն առավել շատ կխթանի դեմոկրատների զայրույթը», – նշում է Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Քայլ Քոնդիկը:
Քավանոյի նշանակումը մասնավորապես ոտքի հանեց դրան ընդդիմացող կանանց մեծ զանգվածների, նշում է դեմոկրատ վերլուծաբան Ջիմ Քեսլորը.
«Կա ընտրողների կարեւոր խումբ՝ տարեց կանայք, ովքեր աջակցել են հանրապետականներին, սակայն, այժմ զայրացած են: Կարծում եմ, նրանք կարող են այս ընտրություններին որոշիչ գործոն հանդիսանալ»:
Սակայն, Թրամփի ավանդական աջակիցները Քավանոյի նշանակումը հաղթանակ են համարում, նշում է Gallup-ի ներկայացուցիչ Ֆրանկ Նյուփորթը.
«Նա տեսնում է, որ իր կողմնակիցներից բացի բոլոր մյուս խմբերում աջակցությունը ցածր է, ուստի, որոշում է խոսել միայն սեփական կողմնակիցների հետ»:
Ընտրությունները ցույց կտան սակայն՝ որքանով է ամուր նախագահ Թրամփի կողմնակիցների խումբը՝ նոյեմբերի 6-ին հանրապետականների օրենսդրական մարմնում մեծամասնություն ապահովելու համար: