«Ես և Նիկոլը քննարկեցինք Հայաստանի ու Կանադայի միջև օդային ճանապարհորդությունը դյուրացնելու խնդիրը». Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծում է, որ կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը, և պետք է շարունակել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները: Այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Հայաստանի հետ մեր բարեկամությունը դուք էլ ավելի ամրացրեցիք այս շաբաթվա ընթացքում: 80-ականներին ես Հայաստան այցելել եմ իմ հոր ու եղբայրների հետ: Այդ օրերից ի վեր մենք ամրացնում ենք մեր երկրների կապերը: Այս շփումները կարևոր են նաև կանադահայ համայնքի համար: Կանադայում 60 հազարանոց կանադահայ համայնք կա, որը հարստացնում է մեր համայնապատկերը: Կանադահայերը իրենց տաղանդը շարունակում են ներդնել ավելի լավ Կանադա ստեղծելու համար: Մեր երկու երկրների քաղաքացիները մեր ընդհանուր պատմությունն են գրում»,- ասաց Թրյուդոն:

Կանադայի վարչապետի խոսքով՝ իրենք տարբեր հարցեր են քննարկել վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում:

«Ես և Նիկոլը քննարկեցինք նաև Հայաստանի ու Կանադայի միջև օդային ճանապարհորդությունը դյուրացնելու խնդիրը: Հիմա 21 ժամ է պահանջվում Երևանից Օտտավա ճանապարհորդելու համար: Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագործակցության: Կանադան ստեղծել է անկախ օմբուդսմենի պաշտոն, որն աշխատելու է գործարարների հետ: Մեր հույսերն ու երազանքները կապված են ողջ աշխարհի հետ: Մենք կշարունակենք գալիք ամիսների ու տարիների ընթացքում այս խոսակցությունները»,- ասաց կանադայի վարչապետը:

Ջասթին Թրյուդոն շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հյուրընկալության ու Ֆրանկոֆոնիայի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Տեսանյութեր

Լրահոս