Նիկոլ Փաշինյանը փայլուն է որակում հայ-կանադական հարաբերությունները և դրանք ավելի ամրապնդելու հույս հայտնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանում Կանադայի վարչապետի հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ:

ՀՀ վարչապետը ողջունեց Կանադայի վարչապետի այցը Հայաստանի Հանրապետություն: «Պարոն Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որ պաշտոնական այցով այցելում է Հայաստան: Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, և ես հույս ունեմ, որ այս իրադարձության արդյունքում մեր հարաբերություններում պատմական զարգացումեր կլինեն: Մենք քննարկեցինք մեր հարաբերություններին և միջազգային կյանքին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Այդ բանակցությունները երեկվանից էին սկսվել, երբ պարոն վարչապետի հետ դեմ առ դեմ հանդիպում ենք ունեցել և քննարկել ենք և ներհայաստանյան, և միջազգային և տարածաշրջանային կյանքին վերաբերվող հարցեր: Եվ ուրախ եմ արձանագրել, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, և, ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է ներհայաստանյան իրադարձություններից, և ես ուրախ եմ, որ մենք ունենք պարոն Թրյուդոյի նման հեղինակավոր քաղաքական գործչի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի իշխանության զարգացման գործում: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն ամուր հենված են ժողովրդավարական արժեքների վրա և մենք այդ ճանապարհով հստակ քայլերով գնալու ենք առաջ»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով Հայաստան-Կանադա հարաբերություններին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այստեղ ունենք շատ լավ մթնոլորտ: «Մենք հստակ ձևակերպեցինք խնդիր, որ անհրաժեշտ է այդ լավ մթնոլորտը վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա մեր երկրների կառավարությունների, գործարար շրջանակների միջև: Պարոն վարչապետի հետ խոսեցինք նաև մարդկային կապերի ամրապնդման կարևորությունից, որովհետև երկրների հարաբերություններն առաջին հերթին մարդկանց հարաբերություններն են:

Եթե այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, կարող ենք ասել, որ Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են, որովհետև այս ընթացքում մենք մի քանի անգամ հանդիպելու առիթ ենք ունեցել պարոն Թրյուդոյի հետ, և կարող եմ ասել, որ ես իրեն այս հանդիպումների արդյունքում համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, ինչը հայտնի կարգավիճակ էր նաև մինչ այս հանդիպումները, նաև անձամբ իմ ընկերն ու բարեկամը: Ես ցանկանում եմ նաև իմ հիացմունքը հայտնել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի և այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում և բազմաթիվ մարդկանց, երիտասարդների ոգեշնչում է լավատեսության ոչ միայն իր երկրում, այլ ամբողջ աշխարհում:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Կանադայի վարչապետի հետ հանդիպելու և խոսելու բազմաթիվ առիթներ կունենա: «Հույս ունեմ, որ այդ շփումները իսկապես կոնկրետ արդյունքներ կբերեն մեր տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի խորացման համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս