Բաժիններ՝

«Ապաշխարելու եմ իմ ողջ կյանքի ընթացքում, որ Տերն ինձ ուղղորդի և ներման արժանացնի»

-Ես մեղք եմ գործել, որի համար զղջում եմ ու օր օրի ինձ այն ավելի է տանջում, բայց ես կատարել եմ իմ ընտրությունը. ապաշխարելու եմ իմ ողջ կյանքի ընթացքում, որ Տերն ինձ ուղղորդի և ներման արժանացնի:

Արտակն (հերոսի անունը փոխված է) ամեն անգամ մեծ դժվարությամբ է հիշում իր կյանքում կատարված այս դեպքը, բայց և չմերժեց պատմել. «Տարիներ առաջ խոշոր չափի գողություն եմ կատարել: Այդ ժամանակ ընտանիքս ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում և ամբողջ հոգսն ինձ վրա էր: Ես այդ պահին չէի գիտակցում, թե ինչ եմ անում. կարևորն ընտանիքիս հոգսը թեթևացնելն էր: Գրեթե մի տարի չկարողացա քնել. ես ինձ չէի կարողանում ներել: Ընտանիքիս անդամներն այդպես էլ չիմացան պատճառը, բայց ես մի օր որոշեցի գալ Աստծո դուռը և ներողություն խնդրել:

Նախքան քահանային հանդիպելը՝ զգացի, որ շունչս կտրվում է և չկարողացա. դռնից հետ դառա: Նման մի քանի անհաջող փորձերից հետո, վերջապես, ստացվեց խոստովանել: Եկեղեցում նստած աղոթում էի, երբ նկատեցի, որ մտքերով եմ ընկել ու հավաքարարն ինձ ասում է՝ տղա ջան, վա՞տ ես զգում, կանչեմ մեկին թող օգնի, գնաս տուն: Ես առանց վարանելու խնդրեցի նրան, որ կանչի Տեր հորը և առանց սար ու ձոր ընկնելու պատմեցի կատարածս գողության մասին: Մեղքիս զգացումն այնքան մեծ էր, որ անգամ քահանայի աչքերին էի ամաչում նայել: Չնայած իմ լարված վիճակին՝ մեծ թեթևություն զգացի, որ գտնվեց մեկը, ում հետ կարողացա կիսվել: Սա, իհարկե, առաջին քայլն էր, որ ես արեցի»:

Ինչպես Անտոն Անապատականն է ասել՝ նախկինում կատարած մեղքերիդ մասին հոգումդ հիշողություններ մի թող, որ նորից չկրկնվեն: Համոզված եղիր, որ երբ ապաշխարությամբ Աստծո ձեռքը հանձնեցիր՝ ներվեցին:

Մեր հերոսը վստահ էր, որ այդ անկեղծ քայլով նա գտավ իր իսկական հանգստությունը.«Դեռ մանկուց հաճախ եմ լսել, որ ասում էին, երբ մի սխալ արարք ես գործում, որի համար, իրապես, զղջում ես, Աստված պապիկը տեսնում է և ներում քեզ: Ես արդեն խաղաղվել եմ, որովհետև գիտակցել եմ սխալս»:

Արտակը անկեղծացավ ու պատմեց, որ մի շարք անապահով ընտանիքների է աջակցում. «Ես նման քայլով նաև ինձ եմ օգնում և ուզում եմ, որ իմ լավ արարքները կյանքում, իսկապես, մոռացության տան երբեմնի կատարածս այդ վատ քայլը»: Արտակը չմոռացավ նաև հավելել, որ խոստովանությունից հետո իր մեջ հաստատված խաղաղությունը կօգնի իրեն կատարելու երկրորդ կարևոր քայլը՝ գողացած գումարը ետ վերադարձնելը:

Հիշենք՝ կյանքում ոչ ոք ապահովագրված չէ սխալներ գործելուց և ցանկացածն էլ մի օր կարիք է ունենալու Աստծուց ապաշխարություն խնդրելու: «Ինչպես ջուրն է ճնշումից վեր բարձրանում, այդպես էլ փորձություններով հալածված հոգին է ապաշխարությամբ մոտենում Աստծուն» (Հովհաննես Սանդուղք):

Լիլիանա Օսիպյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս