Յուլյա Տիմոշենկոն մնում է Ուկրաինայի նախագահական վարկանիշի առաջատարը. հարցում
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հրապարակել է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը։
«Հարցման մասնակիցների 15,9 տոկոսը պատրաստ է քվեարկել Տիմոշենկոյի օգտին, 9,3 տոկոսը՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին, 8,8 տոկոսը՝ «Ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Յուրի Բոյկոյի օգտին»,-նշվում է ուսումնասիրության արդյունքներում:
Նրա տվյալներով՝ հարցվածների 8,2 տոկոսը մտադիր է պաշտպանել «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին, 7,9 տոկոսը՝ ժողովրդականություն վայելող երգիչ Սվյատոսլավ Վակարչուկին, 6,6 տոկոսը՝ շոումեն Վլադիմիր Զելենսկուն, 6,1 տոկոսը՝ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին:
Հետազոտությանը 2 հազար չափահաս բնակիչ է մասնակցել Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը: Պետության ղեկավարի հերթական ընտրությունները կայանալու են 2019 թվականի մարտի 31-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: