![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհում Apple-ի համակարգիչների վաճառքները նվազել են 11 տոկոսով. IDC
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/950593.jpg)
Apple ընկերության արտադրության iMac սեղանի համակարգիչների եւ MacBook նոութբուքերի համաշխարհային վաճառքները 2018 թվականի երրորդ եռամսյակում 11 տոկոսով կրճատվել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են IDC ամերիկյան վերլուծական ընկերության հետազոտության արդյունքները: «Apple-ը երրորդ եռամսյակն ավարտել է հինգերորդ տեղում:
Ընկերության վաճառքներն ավելի քան 11 տոկոսով նվազել են նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ»,-նշվում է IDC-ի հաշվետվության մեջ: Ընդամենը նշված ժամանակաշրջանում ամերիկյան հսկային հաջողվել է ամբողջ աշխարհում իրացնել 4,7 մլն iMac եւ MacBook:
Ընդ որում, ինչպես հետեւում է հետազոտությունից, Apple-ը միակ ընկերությունն է անձնական համակարգիչ արտադրողների համաշխարհային հնգյակում, որի վաճառքների ծավալներն անցած եռամսյակի ընթացքում նվազել են 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
Apple-ի վերաբերյալ նորությունների բնագավառում մասնագիտացած 9to5mac.com պորտալն այս անկումը բացատրում է նրանով, որ ամբողջ աշխարհում սպառողներն սպասում են ամերիկյան ընկերության անձնական համակարգիչների եւ նոութբուքերի նոր մոդելների ավանդական շնորհանդեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի երկրորդ կեսին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: