
ԿԺԴՀ-ն 3,3 տրլն դոլար գումարի օգտակար հանածոներ ունի

ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների պաշարները գնահատվում են 3,3 տրլն դոլար՝ 15 անգամ ավելի, քան Հարավային Կորեայինը: Այդ մասին ասված է Հանքային պաշարների հարավկորեական պետական կորպորացիայի (KRC) զեկույցում, որը հոկտեմբերի 11-ին ներկայացվել է երկրի խորհրդարանում: Դրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ն, մասնավորապես, ունի 6 մլրդ տոննա մագնեզիտ, 2 մլն տոննա գրաֆիտ եւ 250 հազար տոննա վոլֆրամ:
Փհենյանն ավելի վաղ դրանց արդյունահանման եւ ներդրումների վերաբերյալ 40 համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա ընկերությունների հետ, որոնց 90 տոկոսը չինական են:
Կառավարող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Պակ Չժունն այդ կապակցությամբ անհանգստություն է հայտնել ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների շուկայում Չինաստանի գերիշխանության առնչությամբ՝ Սեուլին կոչ անելով քննարկել դրանց արդյունահանմանը միանալու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: