Բաժիններ՝

Զինվորի մահվան գործով կալանավորվել է վաշտի հրամանատար կապիտանը

Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։

Իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ վաշտի հրամանատար կապիտանին մեղադրանք է առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կապիտանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս