Թափուր մնացած պաշտոնների թեկնածուները հայտնի են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին՝ նախկին կառավարությունների անդամ Վահրամ Ավանեսյանի որդուն, հարցրինք՝ ինչպե՞ս եք զգում Ձեզ այս պաշտոնում։ «Նորմալ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»։
Ձեզ համար անսպասելի՞ էր նախարարի հեռանալը։ «Ինձ թվում է՝ բոլորիս համար անսպասելի էր․ ես անկուսակցական եմ, այդ իսկ պատճառով քաղաքական մտքեր չեմ հայտնի»։ Ակնկալիքներ չունե՞ք նախարար դառնալու առումով։ «Ո՛չ»։ Բա եղա՞վ․ ի՜նչ զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, համ էլ կադրային խնդիրներ ունեն իրենք։ «Ովքե՞ր՝ իրենք»։ «Սպիտակները»՝ նոր իշխանությունները։ «Եկեք ձեւակերպենք այսպես՝ յուրաքանչյուր պաշտոն պետք է զբաղեցնի դրան համապատասխանող մարդը»։ Դուք համապատասխա՞ն չեք։
«Ես չգիտեմ։ Ես ունեմ կարողություններ, ուրիշներն էլ ունեն կարողություններ․ քաղաքական ուժն է որոշում, թե ով կլինի նախարար»։ Եթե դառնաք նախարար, Ամուլսարի խնդիրն ինչպե՞ս կլուծեք։ ««Եթե»-ներով չխոսենք, համ էլ Դուք մտնում եք քաղաքական դաշտ․ ես այդ դաշտում չկամ»։ Ի դեպ, նախարարության կայքում Ավագ Ավանեսյանը ոչ թե ԺՊ է, այլ՝ տեղակալ, նախարարի նկար չկա, սակայն դատարկ նկարի կողքին գրված է՝ պաշտոնն ստանձնել է 3 հոկտեմբերի 2018թ․։ Նույն վիճակն է նաեւ սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքում․ Գաբրիել Ղազարյանը դեռ տեղակալ է, բայց աննկար նախարարը «պաշտոնն ստանձնել է հոկտեմբերի 3-ին», չնայած հրամանագիրը 2 օր առաջ է արձակվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: