Տարեսկզբից աշխարհում լրագրողների ավելի շատ սպանություններ են գրանցվել, քան ամբողջ 2017 թվականին
2018 թվականի ինն ամսում աշխարհում 56 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեության պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել են «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունում:
Այդպիսով, այս ցուցանիշն արդեն այժմ ավելի բարձր է, քան ամբողջ 2017 թվականին, երբ 55 մարդ էր սպանվել: Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2018 թվականի սկզբից ի վեր լրագրողների զոհվելու դեպքերի կեսից ավելին գրանցվել է զինված հակամարտությունների գոտիներում: Առավել մեծ թվով լրագրողներ են սպանվել Աֆղանստանում (13), Եմենում (5), ԱՄՆ-ում (6) եւ Մեքսիկայում (6):
«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարի խոսքով՝ վիճակագրությունը մատնանշում է լրագրողների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու սուր անհրաժեշտությունը:
Մասնավորապես, նա կոչ է արել հիմնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոն, որը կզբաղվի այդ հարցերով: Դելուարը նշել է, որ այդ նախաձեռնությունը ավելի ու ավելի շատ կառավարություններ են պաշտպանում աշխարհում, ինչպես նաեւ հարյուրից ավելի ԶԼՄ-ներ, կազմակերպություններ ու լրագրողների միություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: