
«Հայտնի է իր հոգատարությունը, որը չես կարող քողարկել անկախ իրավիճակից». Նարինե Թուխիկյանը՝ Սամվել Մայրապետյանի մասին

Իմ քայլը դաշինքի Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն իր կարծիքն է հայտնել երեկ՝ հոկտեմբերի 11-ին, երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Մայրապետյանի մասին.
«Շատ երկար ժամանակ Սամվել Մայրապետյանն իմ գործատուն է եղել, և անկեղծ ասած, ես ինքնադրսևորվել եմ շատ հեշտորեն իր ղեկավարած ստուդիայում: Ինձ տրվել է քարտ բլանշ, ես կատարել եմ այն աշխատանքը ինչը առաջարկել եմ և ուզել եմ անել: Դրանք հիմնականում մշակութային ծրագրեր էին և անկեղծ ասած գնահատվել եմ իր կողմից: Միշտ փոխըմբռնում է եղել իր կողմից իմ առաջարկածի հանդեպ: Նաև ճաշակի առումով՝ մենք նույն կերպ ենք տեսել հարցի լուծումը և մշակութային ծրագրերի ստեղծման գործընթացը: Իսկապես ես կայացել եմ իմ մշակութային ծրագրերի շնորհիվ և եթե այդ ծրագերերն անելու արտոնությունը չունենայի, ես շատ պիտի նեղվեի և չպիտի կարողանայի իմ ստեղծարար ձիրքը իրացնել: Այդ առումով ես շնորհակալ եմ, անշուշտ, իրեն: Մարդկային առումով իր աշխատակիցների նկատմամբ իր հոգատարությունը հայտնի է. և՛ Հայկական երկրորդ ալիքում աշխատող, և՛ նաև Պարադիզ ընկերությունում նախկինում աշխատած անձիք դա կարող են վկայել և դա փաստ է, որը չես կարող քողարկել անկախ որևէ բանից, անկախ իրավիճակից: Իր առատաձեռնությունն այդ առումով և մարդկային վերաբերմունքը մարդու նկատմամբ ակնհայտ է»: