Բաժիններ՝

Թրամփը խոստացել է Նիկի Հեյլիի «ֆանտաստիկ փոխարինող» գտնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Նիկի Հեյլիի արժանի փոխարինող կգտնի ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում։

«Նրան փոխարինելու կգա ֆանտաստիկ, հիրավի առաջնակարգ մեկը»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թրամփը նշել է, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն է դիտարկում: Նախագահը չի հրապարակել նրանց անունները, բայց նշել է, որ նրանց թվում է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը:

«Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- ասել է նա: Թրամփը նաեւ ընդգծել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ է քննարկել նրա թեկնածությունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը:

Համապատասխան հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ: Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:

Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս