«Եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա». Էդուարդ Շարմազանով

«Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ապա նաև երբ կառավարության ծրագիրն էր հաստատվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, որ եթե ՀՀԿ-ն պետք է համաձայներ վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրել, ինչո՞ւ այսքան ձգձգվեց ինտրիգը և լարվածություն առաջացավ։

Շարմազանովի խոսքով՝ իրենց կռիվը չի եղել ինքնանպատակ թեկնածու առաջադրելը կամ չառաջադրելը։ «Խնդիրը եղել է այն, որ վարչապետը ստանձնել է պարտավորություն նախ հրատապ ընտրություններ չանել, որ էյֆորիան անցնի, ինքը մեկ ամիս առաջ ասել է, որ ընտրությունները կլինեն մայիս-հունիսին,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց,- երկրորդ՝ պետք է Ընտրական օրենսգիրքը նորմալ ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և առանց հապճեպության ընդունենք նորմալ ընտրական օրենսգիրք, եթե ոչ թե ձևի համար ենք ուզում օրենսգիրքը փոխել, այլ որակն ենք ուզում փոխել։ Եվ երրորդ՝ կուսակցությունների մասին օրենքում պետք է փոփոխություններ արվեն։

Վերջինս փաստում է՝ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության նախագիծ, կամ Ընտրական օրենսգրքի քննարկում Ազգային ժողովում չի եղել։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի է ունեցել գիշերային պաշարման արդյունքում։ Հիմա մեկը կասի ճնշում է եղել, մեկը կասի՝ չի եղել, մյուսը կասի՝ իրավաչափ է կամ իրավաչափ չի, դա այդ մարդկանց կարծիքն է։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ գործադիր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, միջամտել է Ազգային ժողովի աշխատանքներին և անցել է իր լիազորությունների շրջանակը։ Սա է խնդիրը, ոչ թե թեկնածու առաջադրել-չառաջադրելը»,-ընդգծեց նա։

Ադրադառնալով   ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու առաջադրելուն, Շարմազանովն ասաց՝ եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա, կամ եթե հրաժարական տար, մայիսի 1-ին կամ 8-ին թեկնածու կառաջադրեր։

«Ես բազմիցս ասել եմ, որ կռիվը պաշտոնի ու մանդատի համար չէ։ Մեր պայքարը հանուն է, հանուն նրա, որ Սահմանադրությունը պահպանվի, որ մեր երկրում Ազգային ժողովի, կառավարության և դատական իշխանության գործառույթները, որոնք տարանջատված են Սահմանադրությամբ, պահպանվեն։ Եթե իր համար գերխնդիր է, թե ով կլինի վարչապետ, մեզ համար դա չէ»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը և ավելացրեց՝ իր համար  գերնպատակը եղել է այն, որ ամեն ինչ լինի անցնցում՝ առանց Սահմանադրությունը ոտնահարելու, առանց ճնշումների։

«Հիմա եթե 104 պատգամավորն էլ ստորագրեն, որ դեկտեմբերին պատրաստ են, ես պատրաստ չեմ դրա տակ ստորագրել, որովհետև հարցը դեկտեմբերը չէ։ Այն մեթոդները, այն աշխատաոճը, այն գործունեությունը, որ ծավալել է կառավարության ղեկավարը, ինձ համար ընդունելի չեն»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս