Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Բլումբերգը վերադարձավ Դեմոկրատական կուսակցություն
Քաղաքական գործիչ եւ ձեռնարկատեր Մայք Բլումբերգը Instagram-ում հայտնել է, որ վերստին անդամակցել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, որից նա դուրս էր եկել 2001 թվականին, որպեսզի մասնակցի Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին։
«Այսօր ես կրկին գրանցվեցի որպես դեմոկրատ, այս կուսակցության անդամն եմ եղել իմ կյանքի առավել մեծ մասը, քանի որ մեզ դեմոկրատներ են հարկավոր զսպումներն ու հակակշիռները ապահովելու համար, որոնց պակասը մեր երկիրը շատ է զգում»,-գրել է Բլումբերգը:
Այս որոշումը կարող է լինել այն բանի նշանը, որ Բլումբերգը լրջորեն է դիտարկում 2020 թվականի նախագահական մրցարշավին մասնակցելու հնարավորությունը, նշում է NBC հեռուստաալիքը: Ավելի վաղ այն մասին, որ Բլումբերգը կարող է դառնալ նախագահի թեկնածու, գրել են նաեւ այլ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ The New York Times թերթը:
Բլումբերգը 48,3 մլրդ դոլան կարողությամբ 13-րդ տեղն էզբաղեցնում Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում: Նա Bloomberg լրատվական գործակալության հիմնադիրն է ու սեփականատերը: Մայք Բլումբերգը Նյու Յորքի քաղաքագլուխն է եղել 2002-ից մինչեւ 2013 թվականը:
2001 թվականին նա Դեմոկրատական կուսակցությունից անցել է Հանրապետական կուսակցություն, քանի որ քաղաքագլխի թեկնածուների թվում շատ էին դեմոկրատները: 2007 թվականին նա դուրս եկավ Հանրապետական կուսակցությունից եւ դարձավ քաղաքագլխի պաշտոնի անկախ թեկնածու:
Այն մասին, որ Բլումբերգը կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, հաղորդումներ են հայտնվել ե՛ւ 2008, ե՛ւ 2012, ե՛ւ 2016 թվականին: Այդուհանդերձ, նա չի մասնակցել նախագահական ընտրարշավի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: