ՌԴ-ն, ՉԺՀ-ն և ԿԺԴՀ-ն հանդես են եկել Փհենյանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերնայման օգտին
Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարները Մոսկվայում կայացած կոնսուլտացիաներում պաշտպանել են Փհենյանի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ տեղի ունեցող շփումները:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի ԱԳ փոխնախարարների եռակողմ կոնսուլտացիաների վերաբերյալ հաղորդագրության մեջ: Դրա տեքստը հրապարակված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
«Աջակցություն է հայտնվել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի, ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ բանակցությունների անցկացմանը՝ փոխադարձ մտահոգությունները փարատելու եւ հարաբերությունների նորմալացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանը, Չինաստանն ու ԿԺԴՀ-ն կարծում են, որ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացը պետք է ունենա փուլային ու համաժամանակյա բնույթ եւ ուղեկցվի ներքաշված երկրների ընդառաջող քայլերով:
Իր հերթին, Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան՝ ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ընթացքում, «ներկայում կառավարությունը դիտարկում է դրա հնարավորությունը»:
Կան Գյոն Հվայի խոսքով՝ միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կդառնար «կարեւոր խորհրդանշական քայլ», քանի որ դրանք մեծապես կրկնորդում են ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակիչ միջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ:



