Իրանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ԱՄՆ-ին մեղադրել է իր ընկերությունների սեփականությունն օտարելու մեջ
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի ընկերությունների սեփականության օտարման մեջ ԱՄՆ-ի բանկերի հաշիվներում իրանական միջոցների սառեցման միջոցով: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը:
Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իրանի ներկայացուցիչ Մոհսեն Մոհեբին: Ավելի վաղ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Միջազգային դատարանին խնդրել է մերժել Իրանի պահանջը՝ վերադարձնելու 1,75 միլիարդ դոլարի չափով միջոցները, որոնք պահվում են Միացյալ Նահանգների բանկերում եւ սառեցվել են ամերիկյան դատարանների պահանջով:
Մոհեբին հայտարարել է, որ դատարանը պետք է մերժի ԱՄՆ-ի արած «բոլոր նախնական առարկությունները»: Մոհեբիի խոսքով՝ Իրանը հարկադրված էր դիմելու ՄԱԿ-ի դատարան, քանի որ ԱՄՆ-ն Իրանի ընկերություններին չի տրամադրում «իրենց սեփականությունը տնօրինելու ազատություն», ինչպես նաեւ «ամերիկյան դատարաններ մտնելու ազատություն»:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 2016 թվականին որոշել է, որ Իրանի սառեցված միջոցներն անհրաժեշտ Է տալ այն ամերիկյան ընտանիքներին, որոնց հարազատները դարձել են 1983 թվականին Բեյրութում խաղաղապահների զորանոցների պայթեցման զոհեր: Վաշինգտոնում գտնում են, որ դա եղել է ահաբեկչական գործողություն, որը կատարվել է Թեհրանի օժանդակությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



