Կովկասի հակամարտությունները կպառակտեն Ռուսասատանը

Հյուսիսային Կովկասի անկայուն իրավիճակը, ըստ փորձագետների, ամեն պահի կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝հանգեցնելով Ռուսաստանի Դաշնության վերջնական պառակտմանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած հողերի փոխանակումը, ըստ որոշ փորձագետների, միտված էր վերջ դնել տարածաշրջանում առկա տարածքային լարվածությանը:

1990-ականների սկզբից ի վեր, ինչևէ, երբ Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մեջ մտնող երկու պետություններն առանձնացան իրարից, Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև վարչական սահմանի որոշման վերաբերյալ տարածքային վեճը ժամանակ-առժամանակ սրվում է:

«Մենք հիասթափված ենք, քանի որ երկու մարզերի ղեկավարները որոշեցին փոխանակել հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու», – ասում է Ինգուշետիայի բնակիչ Վախա Ախիլգովը:

Ցուցարարները պահանջում են իրենց երկրի ղեկավարի` Յունուս-Բեկ Եվկուրովի, հրաժարականը, պնդելով, որ հողային բաժանումը վնասաբեր է տարածաշրջանի և ձեռնտու՝ Չեչնիայի համար:

Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև հողերի փոխանակման մասին համաձայնագիրը վերջերս ստորագրվել է երկու երկրների ղեկավարների՝ Ռամզան Կադիրովի և Յունուս-Բեկ Եվկուրովի միջև:

«Մենք չենք ցանկանում հրաժարվել մեր հողերից: Նախկինում այն մեզ էր պատկանում, մենք ուզում ենք, որ գործարքը չիրականանա»:

Ըստ վերլուծաբան Պիտեր Էլցովի՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը շարունակում է վայելել պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, քանի որ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել և ամրապնդել իր գերիշխող դիրքը տարածաշրջանում:

«Կադիրովն իրեն թագավոր է զգում Հյուսիսային Կովկասում. նա չի ենթարկվում որևէ օրենքի: Նա շարունակաբար վերահաստատում է իր բացաձակ հավատարմությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի կարողանա անել այն, ինչ ցանկանում է: Իսկ ահա սահմանները, նախկին Խորհրդային Միության այս հատվածում, փոփոխվում են ինքնակամ որոշումների արդյունքում»:

Կովկասը համարավում է ավելի քան 50 էթնիկ խմբերի հայրենիքը, որոնցից շատերը, ըստ փորձագետների՝ չունեն իրենց սահմանաններն ու պետությունը և ապրում են ծայարհեղ աղքատության մեջ:

Դեռ ստալինյան ժամանակաշրջանում նրանցից շատերը ենթարկվել են հալածանքների և բռնաճնշումների, իսկ պատմության նոր ժամանակահատվածում՝ չեչեն անջատողականների դեմ մղած երկու խոշոր պատերազմներից հետո, Մոսկվան փորձում է տարածաշրջանը պահել իր խիստ վերահսկողության ներքո:

Պիտեր Ելցովը ներկայիս իրավիճակը պայթունավտանգ է որակում.

«Իրավիճակը Հյուսիսային Կովկասում շատ անկայուն է: Այն ամեն պահի կարող է պատերազմի պատճառ դառնալ Եվրասիայում, ինչը և կնպաստի Ռուսաստանի Դաշնության պառակտմանը»:

Փորձագետների պնդումների համաձայն՝ խորը արմատացած ատելությունն ու դժգոհությունները պարարտ հող են հանդիսանում տարբեր ահաբեկչական խմբավորումների համար:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու արևմտյան երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, բազմիցս դատապարտել էին Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող Կովկասյան երկրներում առկա մարդու իրավունքների և հիմնական ազատությունների կոպիտ ոտնահարումները:​

Զլատիցա Հոոք, Վահե Օհանյան,

Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն

Տեսանյութեր

Լրահոս