«ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարթակ է». Տիգրան Բալայան
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը հարթակ է, որում Հայաստանը դիվերսիֆիկացնելու է արտաքին տնտեսական հարաբերությունները: Տնտեսական ֆորումի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն ազդեցություն կունենա արտաքին տնտեսական քաղաքականության վրա: Ֆորումում ներկայացված են մոտ հինգ տասնյակ երկրների ոչ միայն պաշտոնյաներ, այլ նաև գործարարներ: Նկատել եմ արդեն Կոնգոյի բանկերի ասոցիացիայի փոխնախագահին, եվրոպական շատ երկրներից ևս կան գործարարներ»,-ասաց Բալայանը:
Ֆորումի հիմնական թեմաներից մեկը թվային տեխնոլոգիաներն են: Բալայանը նշեց` այդ առումով մենք շատ առաջարկներ ունենք, որոնց համար պետք չեն ոչ տրանսպորտային, ոչ մաքսային ձևակերպումներ: Նա նաև փաստեց` տնտեսական ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես մեծ է:
«Կազմվել էր միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որն ամենօրյա աշխատանքով վերահսկել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի, բուն գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հենց այս կառույցում են ծնվել նախաձեռնությունները, քննարկվել որոշումները, շատ հարցերի տրվել են օպերատիվ լուծումներ: Տնտեսական ֆորումի այս բազմամարդությունը կարևոր է, այն վկայում է , որ այդ միջգերատեսչական հանձնաժողովը հաջողել է իր գործը»,-նշեց Բալայանը:
Նրա խոսքով` հանձնաժողովի շրջանակում նաև կոնկրետ հանձնարարություններ են տրվել երկկողմ մակարդակով աշխատանքների համար, որպեսզի հնարավորինս շատ հյուրեր ընդունեն: Նրա կարծիքով՝ ողջ նախապատրաստական աշխատանքների փուլը ստացվել է:



