Բաժիններ՝

Գերմանիայում և Ավստրիայում ցանկանում են օրենքով արգելել «Գորշ գայլերի» նշանը ցույց տալը

Գերմանիայում և Ավստրիայում որոշ կուսակցություններ ցանկանում են օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որով կարգելվի իրենց երկրների տարածքում ցույց տալ թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության և «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» նշանը:

Գերմանիայում նման կոչ է արել «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (CDU) կուսակցության խոսնակ Քրիստոֆ դե Վրայը։ «Ձախերի» կուսակցության խորհրդականական խմբակցության նախագահի պաշտոնակատար Սևիմ Դաղդելենն էլ ասել է.

«Գերմանիայում ամենամեծ ծայրահեղ աջակողմյան և հակասահմանադրական կազմակերպություններից մեկի՝ «Գորշ գայլերի» նշանը կարելի է համամեմատել Հիտլերին ողջունելու նշանի հետ։ Այդ իսկ պատճառով անհապաղ պետք է արգելել այն»։

Իսկ Ավստրիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեն Ավստրիայի ներքին գործերի նախարարությանն առաջարկել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Մուսուլման եղբայրներ» և «Համաս» կազմակերպությունների նշանների հետ մեկտեղ արգելվի նաև «Գորշ գայլերի» նշանը։ Ավստրիայում վերջիններիս նշանը ցույց տալու համար նախատեսվում է 4000 եվրո տուգանք սահմանել։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Քյոլն քաղաք կատարած վերջին այցի ժամանակ թուրքական համայնքի հետ հանդիպման ընթացքում ցույց էր տվել թե՛ «Գորշ գայլերի» և թե՛ «Ռաբիա» նշանը։

Haberler

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս