Google+ սոցիալական ցանցը փակելու են օգտատերերի համար
Google ընկերությունը հայտնել է, որ անհատական օգտատերերի համար փակելու է իր Google+ սոցիալական ցանցը: Այդ մասին վկայում է ընկերության պաշտոնական բլոգում զետեղված հայտարարությունը:
Ընդսմին ընկերությունը ճշտել է, որ փակումը կտեւի 10 ամիս: «Հաշվի առնելով դժվարությունները (սոցցանցը պահելու) եւ օգտատերերի շրջանում Google+-ի չափազանց ցածր ժողովրդականությունը՝ մենք որոշեցինք փակել այն»,-ասված է հաղորդագրության մեջ: Օգտատերերը հրահանգներ կստանան իրենց բոլոր տվյալների պահպանման եւ տեղափոխման վերաբերյալ, հավելել է ընկերությունը:
Ընկերությունը նշել է, որ ծառայությունը շատ ցածր ժողովրդականություն էր վայելում. դրանից օգտվողների 90 տոկոսը Google+-ում անցկացնում էր հինգ վայրկյանից ոչ ավելի:
Բլոգի կայքի նույն հաղորդագրության մեջ Google-ը հայտարարել է Google+-ի խոցելիության մասին, որը կարող էր վերաբերել մոտավորապես 500 հազար օգտատերերի օգտահաշիվների տվյալներին: Google+-ի ծրագրային խափանումն արտաքին մշակողներին հնարավորություն էր տալիս օգտատերերի պրոֆիլների գաղտնի տվյալներ մուտք գործել 2015 թվականից մինչեւ 2018 թվականի մարտ ամիսը, երբ սխալը հայտնաբերեցին ու վերացրեցին ներքին հետաքննության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



