Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիայի անդամակցության հարցով հստակ որոշում կայացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել հստակ որոշում կայացնել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցով: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
«Մեզ մի հոգնեցրեք, ոչ էլ ձեզ հոգնեցրեք: Պետք է պարզ լինել: Ես քաղաքականության մեջ պարզություն և հստակություն սիրող մարդ եմ»,- կոչ անելով հստակեցնել Թուրքիայի անդամակցության հարցը՝ ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակականության հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը:
Էրդողանի փոխանցմամբ՝ 1963թ-ից ի վեր ԵՄ-ն խաբում է Թուրքիային և պահում անորոշության մեջ:
«Մենք շատ բան ունենք տալու ԵՄ-ին, սակայն 1963թ-ից ի վեր մեզ խաբում են: Միգուցե ԵՄ-ն ևս շատ բան ունի մեզ տալու, բայց եթե այսպես շարունակվի, մեզ կմնա հարցնել մեր 81 մլն ժողովրդին»,- ակնարկելով այդ հարցով հանրաքվեի անցկացման հնարավորությունը՝ նշել էր Էրդողանը:
TRT World Forum գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում էրդողանը նաև կարծիք էր հայտնել, որ Եվրամիությունը «մոտենում է իր պատմության ավարտին»:
Թուրքիայի Հանրապետությունը 1963թ-ին ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, 1987թ-ին ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել, 1999թ-ին դարձել ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն մինչ օրս ԵՄ անդամ չի դարձել: