Քաղաքական կոռուպցիան վերադարձավ

Ժողովուրդը սկսել է դժգոհ քրթմնջալ՝ կապված Հանրապետական, «Բարգավաճ»-ական և այլ պատգամավորների ճամբարափոխությունից։ Եթե մինչև հիմա հեղափոխությունը ժողովուրդն էր անում, ապա հոկտեմբերի 2-ին պարզվեց, որ ժողովուրդը ամենակարող չէ։

Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքվեց Ազգային ժողովի մոտ, սակայն պատգամավորները չընկրկեցին, և ժողովուրդը, հպարտ, բայց ձեռնունայն, ցրվեց տներով։ Ավելի ուշ, երբ անցավ այդ գիշերվա ոգևորությունը, նրանք հանկարծ հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլից ի վեր կրեց առաջին պարտությունը, երբ ժողովուրդ հավաքելով՝ նա ոչնչի չհասավ։

Այս անգամ կառավարությունը որոշեց գործադրել այն գործիքը, որն ավելի հզոր է, քան ժողովուրդը՝ ԿԳԲ-հարկայինը։ Ստուգումներով, սպառնալիքներով, ինչպես նաև մանրամեծածախ առևտրով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը հասկացավ՝ թեև հեղափոխության արժեքներն իրենք մանկուց էին դավանել, սակայն ԿԳԲ-ի օգնությամբ նոր միայն իրենց աչքերը բացվեցին։

Սա նույնպես որոշ չափով հիասթափեցրեց ժողովրդին։ Եթե առաջ իրենք հասկանում էին, որ մաքուր մարդկանցով, մաքուր ձեռքերով իրենք մաքուր գործ են անում, ապա այժմ իրենց միացան այն մարդիկ, ովքեր համարվում էին երկիրը կործանման տանող կոռուպցիոներներ։ Այժմ արժեքը ոչ թե հեղափոխության մասնակից լինելն է, այլ ժողովրդի առանձին անդամներ արդեն սկսել են ամիսներով, օրերով ու ժամերով գնահատել, թե ով՝ երբ է միացել հեղափոխությանը, և, ըստ այդմ, մաքրության համար որակականից անցնում են քանակական գնահատականների։

Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված այսպիսի քայլերը խիստ վտանգավոր են և կարող են սթափեցնել ժողովրդին։ Նրանք հանկարծ կարող են սկսել իրենք իրենց հաշիվ տալ, որ անցած ամիսների ընթացքում կառավարությունը, միտինգներից բացի, ոչ մի իրական քայլ չի կատարել իրենց կյանքը բարելավելու համար։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին վերադարձրեց ժպիտը, սակայն նման քայլերով աստիճանաբար ժպտացող դեմքերին վերադարձվում է տարակուսանքը։ Սերժին մերժեցին նրա համար, որ խոսքը չպահեց, ասում էր՝ չեմ առաջադրվի վարչապետ, բայց առաջադրվեց, հիմա Նիկոլն ասաց՝ մեր կյանքը վատ է կոռուպցիայի պատճառով, կոռուպցիան վերացրել եմ, բայց կյանքը չլավացավ։ Ասեց՝ Մարտի 1-ը բացահայտել եմ, բայց երկու աղմկոտ ու չհաջողված ձերբակալություններից բացի՝ բան չարեց, նույնիսկ չգիտենք, թե կոնկրետ ովքեր են մարդասպանները, թեև, իհարկե, մարդասպան էր ողջ ռեժիմը։

Բարոյական նորմերի կոշտ խախտումները շատ են, սակայն այն, ինչ Սերժը անում էր գաղտնի, Նիկոլը անում է բացահայտ։ Եթե նախկին ռեժիմը քաղաքական գործիչներին գնում էր հատ-հատ ու գաղտնի գործարքների միջոցով, ապա այժմ Արարատ Միրզոյանը քաղաքական գնումները կատարում է բիրիքով ու լայվ-ով, ու նաև այն հպարտ գիտակցությամբ, որ այժմ հեղափոխության շնորհիվ՝ ինքը այն հզոր գործիչն է, որ ունակ է սրանց ստորացնել։

Իսկ առնետները շատ լավ հասկանում են, որ ընտրություններից հետո իրենք այլևս պետք չեն լինելու, և կառավարությունն իր տված երաշխիքները չի կատարելու։ Սակայն մի կողմից՝ մնում է ինչ-որ տարտամ, անհեթեթ հույս, մյուս կողմից՝ հարկայինը կոնկրետ նստած է օբյեկտում, և, ամենակարևորը՝ տրվում են երաշխիքներ, որ այս բոլորը ռուսների հետ համաձայնեցված են։ Ծախվելուն այլընտրանքն այս դեպքում միայն բարոյական մնալն է ու չծախվելը, ինչը «նաղդը» սիրող քաղաքական ռեալիստների՝ քաղաքական կոռուպցիոներների համար անհասկանալի կատեգորիա է։

Իհարկե, այս ծախվածները այն քաղաքական կոռուպցիոներն են, որոնց դեմ էլ հենց պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, և այժմ նա տոնում է իր պայքարի արդյունքը։ Սակայն կոռուպցիոներ են ոչ միայն ծախվողները, այլև գնորդները, և հիմա պետք է նորից ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու նոր ալիք, որպեսզի հանրությանը նորից բացատրեն, թե սա Սերժի կեղտոտ ռեժիմը չէ, սա տարբեր է, այս կոռուպցիան հանուն հեղափոխության է։

Արտահերթ ընտրություններից հետո ժողովուրդն այլևս պետք չի լինի, և Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրի քաղաքականության բարոյական կողմը, սակայն մինչ այդ դեռևս պետք է մի 3-4 հզոր միտինգ, որպեսզի բացատրվի, թե ինչքան հպարտ ու հզոր է ժողովուրդը, և, որ ԿԳԲ-ն այս ամենին հասավ ժողովրդի շնորհիվ, և հենց ժողովուրդն է ԿԳԲ։ Հետո, ավելի ուշ, քաղաքական խումհարից հետո, ժողովուրդն անխուսափելի հարց կտա՝ բայց ինչի՞ համար էր այս ամեն ինչը, սակայն, ինչպես Նիկոլո Մաքիավելին էր ասում՝ գնացքն արդեն գնացած կլինի։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս