«Սերբիան ռազմական առումով չեզոք կմնա, բայց կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ». Վուչիչ
Սերբիան չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին եւ կշարունակի ռազմական չեզոքություն պահպանել՝ ընդսմին պահպանելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ Մլադենովաց քաղաքում հանդես գալով «Սերբիա-2018» ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունների բացմանը, որոնց ներկա է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր է եւ կպահպանի իր զեչոքությունը, բայց կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ: Ցանկանում եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին շնորհակալություն հայտնել զորավարժությունների կազմակերպմանն աջակցելու եւ այն բանի համար, որ նա ոչ մի վայրկյան եւ ոչ մի կերպ չի ցանկացել ազդել ապագայի վերաբերյալ Սերբիայի անկախ եւ ինքնուրույն որոշման վրա: Սերբիան լավ համագործակցում է եւ կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ լավ հարաբերություններ կունենա Ռուսաստանի եւ Չինաստանի հետ»,-նախագահի խոսքը մեջբերում է ազգային հեռուստատեսությունը:
Ստոլտենբերգը եռօրյա այցով գտնվում է Սերբիայում, որի շրջանակներում հանդիպումներ Էին պլանավորված Վուչիչի եւ վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Ավելի վաղ Ստոլտենբերգը Բրյուլեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր այցը կապված չէ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ իրադրության վերջին սրման հետ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել էր, որ բանավեճ է ակնկալում Կոսովոյի իրադրության շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: