
«Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը». Կարասին

Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել է «Իզվեստա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին:
«Պլանաչափ համատեղ աշխատանք է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս է փոխադարձ առեւտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի»,-նշել է նա:
Դիվանագետը հավաստել է, որ կողմերն առաջվա պես պահպանում են ինտենսիվ երկխոսությունը:
«Հաշված ամիսների ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,-ասել է նա:
Կարասինի կարծիքով, Մոսկվայի եւ Երեւանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: