
Մոնրեալում հազարավոր մարդիկ են բողոքի ակցիայի դուրս եկել կրոնական հագուստի արգելքի դեմ. CBC

Մոնրեալում մի քանի հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի՝ պետական ծառայողների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենք ընդունելու Քվեբեկի նահանգի իշխանությունների պլանների դեմ: Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտնել ՝ CBC հեռուստաալիքը։
Ակցիան տեղի է ունեցել Քվեբեկի այդ խոշորագույն քաղաքի կենտրոնական մասում եւ ավարտվել է առանց պատահարների: Դրա մասնակիցները նահանգի կառավարության այդ նախաձեռնությունը համարում են ռասիզմի դրսեւորում եւ իրենց իրավունքներն ու ազատությունները խախտելու փորձ: Շատերը բողոքի էին եկել հիջաբներով եւ կրոնական այլ հագուստներով, որոնք փակում են գլուխը կամ դեմքը:
«Հիջաբն իմ մի մասն է, եւ ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք է մարդկանց ճնշեն նրանց հագուստի համար»,- հեռուստաալիքին հայտարարել է ցույցի մասնակից կանանցից մեկը:
Հոկտեմբերի 1-ին Քվեբեկում կայացած ընտրություններում հաղթանակ է տարել «Կոալիցիա հանուն Քվեբեկի ապագայի» (ԿՀՔԱ) աջ կենտրոնամետ կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ եւ տարածաշրջանի նոր վարչապետ Ֆրանսուա Լեգոն արդեն հայտարարել է, որ ԿՀՔԱ-ն մտադիր է ընդունել օրենք պետական ծառայողների, այդ թվում՝ ոստիկանների, ուսուցիչների եւ դատավորների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտները կրելու արգելքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: