«Մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ճանապարհին. արտահերթ ընտրությունները կլինեն այդ սահմանը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ քննչական կոմիտեն նշում է կոմիտեի աշխատողի օրը, որին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կոմիտեի աշխատողներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և մաղթեց հաջողություններ օրինականության, արդարության հաստատման գործում:

«Նախորդ անգամ ասել եմ՝ պետք չէ թաքցնել այն, որ եղել է հարաբերությունների բարդ շրջան: Այսօր թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, երբ գալիս է փոխվստահության համագործակցության շրջան: Սկսվում է հանրություն- քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց: Տեղյակ եմ՝ վերջին 5 ամիսներին քննիչները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Շնորհակալություն եմ հայտնում, որ չեք զլանում, ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Ձեր պատրաստակամությունը կապված է այն իրողության հետ, որ գործերին քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև դրանք բացառված են»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ բացառված է, երբ իրավական հիմքերը կան, սակայն անձը պատասխանատվության չի ենթարկվում քաղաքական միջամտության պատճառով: Նա ընդգծեց, որ բացառված է անմեղ քաղաքացին ենթարկվի հետապնդման որևէ միջամտության պատճառով:

«Կա այսպես ասած բարիկադներ կառուցելու կամ դրանք ապամոնտաժելու ժամանակ: Մենք մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ճանապարհին: Արտահերթ ընտրությունները կլինեն այդ սահմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևոր համարեց Հայրենիքին ծառայելու գործում՝ պրոֆեսիոնալների ներգրավումը, անկախ նրանից, թե այդ անձը ինչ քաղաքական թիմում է աշխատել:

«Մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Բոլոր մարդիկ նույնը չեն, չի կարելի որևէ մի ոլորտ կամ ոլորտի մարդկանց մասին դատել այդտեղի նեգատիվ օրինակները աչքի առաջ ունենալով: Փորձենք յուրաքանչյուր ոլորտից ընդգծել դրական երևույթները: Երբ ասում եմ, որ բարիկադները ապամոնտաժելու ժամանակն է, ապա դա նշանակում է, որ կա բաց հրավեր բոլոր քաղաքացիներին՝ պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավելու պետականաշինության գործում: Համոզված եմ՝ պետական մարմիններում և դրանից դուրս կա այդ ներուժը: Այդ ներուժը կա այն քաղաքական ուժերում, որոնք հայտնվել են բարիկադներից այն կողմ: Ովքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ, կհրավիրվեն երազանքների երկիր կառուցելու գործում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

2015 թ. սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում որոշվել է, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի 8-ը նշել որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր:

Տեսանյութեր

Լրահոս