Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը խթանում է երկու երկրների գործարար կապերի զարգացումը
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հիմնական առաքելությունը Հայաստան-Ֆրանսիա գործարար կապերի ամրապնդումն է և զարգացումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի ավանի «Ֆրանսիայի տաղավար»-ում այս մասին նշեց Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Աննա Եվդոկիմովան:
«Կարծում եմ, որ Ֆրանկոֆոնիան կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը և ֆրանսիական փորձի ինտեգրմանը Հայաստանում»,- ասաց Եվդոկիմովան:
Խոսելով պալատի գործունեության մասին՝ Եվդոկիմովան հավելեց, որ պալատը խթանում է նոր պայմանագրերի կնքման և համագործակցության հնարավորությունները:
«Մենք ունենք անդամ ընկերություններ, որոնք օգտվում են մեր համագործակցելու առավելություններից: Մեզ մոտ կա ծրագրերի փաթեթ յուրաքանչյուր անդամի համար, կազմակերպում ենք գործարար խնջույքներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, խորհրդատվական ծառայություններ մատուցում մեր հետ կապ հաստատող և մեր անդամ հանդիսացող ընկերությունների հետ»,- եզրափակեց Եվդոկիմովան:
Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները: