Շաքարեղեգի բերքի անկում է սպասվում. ՄԱԿ-ի ՊԳԿ ինդեքս
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային մթերքների սեպտեմբեր ամսվա գնային ինդեքսը:
Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են՝ հիմնական սննդամթերքների պաշարների աճի շնորհիվ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքների գնային ինդեքսը օգոստոսի համեմատ նվազել է 1,4 տոկոսով և այժմ 7,4 տոկոսով ցածր է 2017թ.-ի սեպտեմբեր ամսին գրանցված մակարդակից:
Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 2.8 տոկոսով, որը պայմանավորված է նրանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ակնկալվում էր եգիպտացորենի առատ բերք, ինչն էլ նպաստեց արտահանման գների նվազմանը: Միառժամանակ նվազել են նաև բրնձի և ցորենի միջազգային գները: Վերջինիս անկումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից ցորենի վաճառքի/արտահանման մեծ ծավալներով:
Բուսական ծագման յուղերի ՊԳԿ գնային ինդեքսը գրանցել է իր ութերորդ հերթական ամսական անկումը, դառնալով երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը՝ 2.3 տոկոս: Արմավենու յուղի գները գրանցել են ամենակտրուկ անկումը, քանի որ խոշոր արտահանող երկրներում եղած մեծ պաշարներն ազդել են գնային առաջարկների վրա, որոնք այժմ 25 տոկոսով ցածր են նախորդ տարվա մակարդակից:
Կաթնամթերքի ՊԳԿ գնային ինդեքսը սեպտեմբերին նվազել է 2.4 տոկոսով` շարունակելով իր անկման միտումը, մինչդեռ մսի գնային ինդեքսը նվազել է օգոստոսին կանխատեսվող արժեքից:
Շաքարավազի գնային ինդեքսը 21 տոկոսով ցածր է 2017թ.-ի սեպտեմբերի մակարդակից, մինչդեռ օգոստոս ամսվա համեմատ այն աճել է 2,6 տոկոսով, քանի որ Բրազիլիայում, որն աշխարհի խոշորագույն շաքարավազ արտադրողն ու արտահանողն է, երաշտը բացասաբար է անդրադարձել շաքարեղեգի բերքատվության վրա: Հնդկաստանում և Ինդոնեզիայում տեղացած մուսոնային անձրևները նույնպես նպաստել են շաքարավազի միջազգային գների բարձրացմանը:
Ըստ ՊԳԿ կանխատեսումների, բարելավվել է 2018թ.-ին ակնկալվող հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալները:
Հացահատիկի առաջարկի և պահանջարկի՝ այսօր թողարկված ամփոփագրում ցորենի համաշխարհային արտադրության ծավալների ՊԳԿ կանխատեսումը աճել է՝ հասնելով 2 591 մլն տոննայի, ինչը 2,4 տոկոսով ցածր է 2017-ի ռեկորդային բարձր ցուցանիշից:
Ավստրալիայում և Կանադայում տեղումների պակասի պատճառով սպասվում է ցորենի բերքի նվազում, որը, սակայն, կփոխհատուցվի Ալժիրում և Ռուսաստանի Դաշնությունում ակնկալվող ավելի բարձր բերքով: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում եգիպտացորենի արտադրությունը կգերազանցի պատմության մեջ իր երկրորդ ամենաբարձր ռեկորդային մակարդակը: Կանխատեսվում է, որ բրնձի համաշխարհային արտադրության ծավալները 1.3% -ով կբարձրանան՝ գերազանցելով անցյալ տարվա ամենաբարձր մակարդակը, ինչին նպաստել է Ասիայում և հատկապես Հնդկաստանում ցանքատարածությունների ավելացումը:
ՊԳԿ-ի կանխատեսմամբ 2018/19թ.-ի հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կավելանա՝ դառնալով 2 647 մլն տոննա, ինչը 1.1 տոկոսով ավել է նախորդ տարվա համար գնահատված մակարդակից: Ըստ կանխատեսումների, հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի ծավալները կհասնեն 417 միլիոն տոննայի, ինչը մոտավորապես 1.0 տոկոսով ցածր է 2017/18թ.-ին գրանցված մակարդակից: Ցորենի և բրնձի միջազգային առևտրի ծավալները կկրճատվեն, իսկ եգիպտացորենինը՝ կաճի:
Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները 2019 թվականին կհասնեն 751,3 մլն տոննայի, ինչը 7 տոկոսով ցածր է գրանցված ռեկորդային բարձր մակարդակից, ինչի արդյունքում Եվրամիության երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում կգրանցվեն ցորենի պաշարների զգալի կրճատումներ: