
Դուբայը պատրաստվում է աշխարհի առաջին քաղաքը դառնալ այցելուների թվաքանակով

Դուբայի իշխանությունները հաստատել են մինչեւ 2025 թվականը տուրիստական սեկտորի զարգացման ռազմավարությունը, որը զբոսաշրջիկների թվաքանակի աճ է նախատեսում տարեկան մինչեւ 23-25 մլն մարդ:
Այդ մասին հայտնել է Էմիրությունների The National հրատարակությունը: Mastercard ընկերության տվյալներով՝ 2017 թվականին Դուբայը չորրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի առավել շատ այցելուներ ունեցող քաղաքների թվում՝ 15,79 մլն զբոսաշրջիկներով : Առաջին տեղում գտնվող Բանգկոկ է այցելել գրեթե 20,05 մլն մարդ, Լոնդոն՝ 19,83 մլն, Փարիզ՝ 17,44 միլիոն մարդ:
«Մենք կհասնենք մեր նպատակին եւ Դուբայը կդարձնենք այցելուների թվաքանակով աշխարհի առաջին քաղաքը շնորհիվ մի շարք հավակնոտ պլանների ու նախաձեռնությունների, ինչպես նաեւ բացառիկ նախագծերի»,-իր Twitter-ում գրել է Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան բեն Մուհամեդ ալ Մաքթումը:
Ավելի վաղ Դուբայի իշխանությունները պլանավորում էին 20 մլն զբոսաշրջիկների մակարդակին հասնել 2020 թվականին, երբ քաղաք-Էմիրությունում տեղի է ունենալու «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: