Բաժիններ՝

Իսրայելի իշխանությունները պատրաստակամ են գտնել եկեղեցապատկան կալվածքները չվտանգող լուծումներ. Հովնան Բաղդասարյան

Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված վիճահարույց հարցերը կարգավորվում են, Իսրայելի իշխանությունները պատրաստակամ են գտնել եկեղեցապատկան կալվածքները չվտանգող լուծումներ: Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը նշեց, որ Իսրայելի իշխանությունների հետ վերջին հանդիպումներն այդ մասին են վկայում: «Արմենպրես»ը Հովնան Բաղդասարյանի հետ զրուցել է նաև հայաստանցի ուխտավորների վիզաների տրամադրման գործընթացի, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների անձնագրային խնդիրների և այլ հարցերի մասին:

Եկեղեցապատկան հողերի հետ կապված խնդիրները, Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասները:

Երուսաղեմում եկեղեցապատկան հողերի հետ կապված հարցերը քննարկելու համար ձևավորվել էր հանձնախումբ: Սեպտեմբերին տեղի ունեցավ հանդիպում, որն, ըստ Հովնան Բաղդասարյանի, շատ բաց անմիջական մթնոլորտում անցավ:

«Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն անդրադարձավ երկու հարցերին էլ՝ եկեղեցապատկան հողերին վերաբերող այն օրինագծին, որը շրջանառվում էր Կնեսեթում, և քաղաքապետարանի կողմից ընդունված այն որոշմանը, ըստ որի, պետք է եկեղեցիներից ու վանքերից հարկեր գանձվեն»,-ասաց նա: Առաջին հարցի առումով նախարարը վստահեցրել է, որ օրինագիծն ամբողջությամբ հետ է կանչվել և այդպիսի բովանդակությամբ օրինագիծ չի լինի: Երկրորդի առումով նշվել է, որ բանակցություններ են գնում Վատիկանի ու Իսրայելի պետության միջև: Արդեն մոտ 25 տարի տևող այդ բանակցություններն իրենց ավարտին են հասնում, արդյունքում կկնքվի համաձայնագիր, որտեղ անդրադարձ կլինի եկեղեցիներին ու վանքերին: Այս համաձայնագիրը կծառայի որպես մոդել մյուս քրիստոնական համայնքների դեպքում:

«Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ մեզ համար շատ անկեղծ ու անմիջական, բաց հանդիպում էր: Նախարարը նշեց, որ քաղաքապետի որոշումը կառավարության հետ համաձայնեցված չէր: Դա նրա անձնական որոշումն էր: Այդ ժամանակ քննարկումներ էին գնում քաղաքապետարանի ու Ֆինանսների նախարարության միջև Երուսաղեմին հատկացվելիք բյուջե չափի համար: Նախարարությունը պահանջվող բյուջեն չէր համաձայնվել տրամադրել, կառավարությանն էլ ցնցելու համար քաղաքապետը գնացել էր այդ որոշմանը, որ կոնֆլիկտ ստեղծվի քրիստոնեական համայնքների ու կառավարության միջև»,-ասաց Հովնան Բաղդասարյանը:

Խոսելով եկեղեցապատկան հողերի խնդրի լուծման հետ կապված հայ եկեղեցու ցանկալի տարբերակի մասին՝ Հովնան Բաղդասարյանը նշեց՝ համաձայն են, որ դարերով ընդունված սովորությունը պահպանվի: Այն է՝ վանքերից և եկեղեցիներից հարկեր չգանձվեն:

«Թեպետ իրենք պնդում են, որ կան եկեղեցիներ ու վանքեր, որոնք շահութաբեր հաստատություններ են, որովհետև այնտեղ կան սրճարաններ, գրադարաններ, հուշանվերների խանութներ, սակայն դա մեզ չի վերաբերում, որովհետև մեր վանքերում, եկեղեցիներում չկան նման բաներ: Անշուշտ, մեզ համար շահեկանը ներկայիս ստատուսը պահպանելն է, որ եկեղեցիներից ու վանքերից հարկեր չգանձվեն»,-հավելեց նա:

Երուսաղեմ եկող Հայաստանի ուխտավորների համար վիզայի դյուրացման հարց

Հովնան Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է Երուսաղեմ եկող Հայաստանի ուխտավորների համար վիզայի դյուրացման հարցը: Նախարարին մեկ անգամ ևս ներկայացվել է այն իրավիճակը, որ Հայաստանից ուխտավորները վիզա ստանալու համար բարդ, դժվար ճանապարհ են անցնում:

«Եթե հայ ուխտավորը, Հայաստանի քաղաքացին ուզում է ուխտագնացության գնալ Երուսաղեմ, ապա պետք է ճամփորդի Վրաստան, ստանա վիզա, վերադառնա նոր մեկնի Իսրայել: Այսինքն՝ հայ ուխտավորի համար ծախսերը կրկնակի են լինում, քան մյուս հավատացյալների համար, որոնք հասնում են Սուրբ երկիր: Մենք այդ հարցը բարձրացրեցինք, խնդրեցինք, որ հայ ուխտավորների համար վիզայի պահանջը վերացվի, ու վիզան տրվի սահմանի վրա, ինչպես Ռուսաստանի, Վրաստանի Ուկրաինայի քաղաքացիների համար: Նախարարը շատ դրական արձագանքեց, ինքը քաջատեղյակ էր հարցին: Մեզ վստահեցրին, որ համապատասխան մարմինների հետ աշխատանք տանելուց հետո կփորձեն հարցին լուծում տալ»,-հավելեց նա:

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների տարեկետման խնդիր

Հովնան Բաղդասարյանն անդրադարձավ նաև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների տարեկետման հարցին: Ըստ Հայաստանի օրենքի, երբ անչափահասները դիմում են անձնագիր ստանալու, ապա նրանց տրված անձնագրի վավերականությունը մինչև 18 տարին լրանալն է: Մենք այժմ այսպիսի խնդրի առաջ ենք կանգնած: Ասենք, մենք Երուսաղեմ տանում ենք աշակերտ 15.5 տարեկան, մեկ տարի հետո նրա անձնագրի վավերականության ժամկետը ստացվում է 2 տարուց պակաս: Այնինչ, Իսրայելի օրենքով վիզան տրվում է այն ժամանակ, եթե անձնագրի վավերականությունն առնվազն 2 տարի ժամկետով է: Ահա այսօր երեխաները Իսրայելի վիզա ստանալու, ուսումը շարունակելու խնդրի առաջ են կանգնում: Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք այս հարցը և փորձ է արվում խնդրին լուծում տալ: Ներկայում խոսքը մոտ 10 երեխայի մասին է:

Հայաստանում իրականացված հեղափոխությունը Իսրայելում դրա ընկալումները

Հովնան Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ Իսրայելում դրական մթնոլորտ կա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:

«Ասեմ, որ շատ կարևոր է միայն Իսրայելի համար դեսպան նշանակելը, այսօր դեսպանն Արմեն Սմբատյանն է, ով զբաղվելու է միայն Իսրայելով: Թեպետ նստավայրը Երևանում է, սակայն ունենք դեսպան, ով կոնկրետ աշխատում է այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է տարբեր գործիչների կարծիքներին ու դիտարկումներին հեղափոխության հետ կապված, ապա ասեմ, որ իմ հրեա ծանոթներն ասացին հետևյալը «հրեաները հայերից պետք է սովորեն հեղափոխություն անել, որ կարողանան հասնել իրենց ուզածին խաղաղ ճանապարհով»,-հավելեց Հովնան Բաղդասարյանը:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս