
Հունաստանում զբոսաշրջությունից եկամուտներն ավելացնելու համար սկսել են դրոններ օգտագործել

Հունաստանում գտել են այն մասնավոր ձեռնարկատերերի գործունեությանը հետեւելու տեխնոլոգիական եղանակը, որոնք աշխատում են զբոսաշրջության բնագավառում եւ խուսափում են հարկեր վճարելուց: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Հունաստանի իշխանությունները գտել են նոր միջոց, որով ստիպում են հարկեր վճարել զբոսաշրջիկների հետ աշխատողներին, մասնավորապես, նրանց, ովքեր Էգեյան ծովով նրանց համար կազմակերպում են մինի-կրուիզներ: Օգնության են եկել դրոնները՝ անօդաչու թռչող սարքերը: Դրոնների կիրառմամբ էքսպերիմենտն սկսվել է Սանտորինի կղզում. հայտնվելով նավակների եւ զբոսանավերի վրա՝ անօդաչուները լուսանկարում են զբոսաշրջիկներին ծով դուրս բերող նավերի անվանումները եւ դրանց վրա գտնվող ուղեւորների թիվը: Հետո հարկային տեսուչները մասնավոր փոխադրողների կողմից ներկայացված հաշվետվությունը համեմատում են այն տվյալների հետ, որոնք ստացվել են անօդաչուների օգնությամբ:
Նման մոնիթորինգի արդյունքները Հունաստանի հարկային ծառայությունում համարել են գերազանց: Այսպես, ստուգված ինը տուրիստական նավեր թաքցրել էին մոտավորապես 25 հազար եվրո ընդհանուր գումարի եկամուտներ: Այժմ դրանց տերերը պետք է տուգանքներ վճարեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: