«Նախագծին կողմ քվեարկած ուժերը ԱԺ լուծարմանը դեմ չեն, պետք չէ ժողովրդին ապակողմնորոշել». Արմեն Ռուստամյան
«Մենք խոչընդոտում ենք այդ օրենքով, որ հակասահմանադրական ճանապարհով լուծարումը տեղի չունենա, սա է հարցը։ Հիմա թող որևէ մեկը գա, տրամաբանված, նստենք, էս հարցով բանավիճենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Հանրահավաքներով նման հարցերը չեն որոշվում»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ եթե պետաիրավական հանձնաժողովի քննարկման ժամանակ նախագծին դեմ ուժերը չեն հասկացել՝ ինչի մասին է խոսքը, իրենք մեղավոր չեն. «Հիմա հնարավոր չէ՝ ոչ դուրս գալ, ոչ մտնել։ Այդ ձևով եթե պետք է գնանք լուծարման, ուղղակի կնշանակի՝ ուժի իրավունքով լուծարել։ Այն ուժերը, որոնք կողմ են քվեարկել, ԱԺ լուծարմանը դեմ չեն, պետք չէ ժողովրդին ապակողմնորոշել, սա է հարցը։ Մենք այս ամենի տակ ական ենք դնում, եթե հակասահմանադրական միջոցներով կատարում ենք ԱԺ լուծարում»։
Ռուստամյանը նշեց, որ արտահերթ ընտրություններին ինքն էլ է կողմ եղել, բայց տրամաբանված, սահմանադրական ճանապարհով։
Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա դուրս չի գալիս ու ԱԺ-ն շրջապատած ժողովրդին դա չի ասում, նա այսպես պատասխանեց.
«Իսկ դուք կարծում եք՝ դա կընկալվի՞։ Եթե ես չկանգնեմ ու միայն գովերգեմ, այսօր որևէ մեկը չի ընկալում տրամաբանված խոսք»։
Նա նշեց, որ գուցե այսօր չընկալվի, բայց ՀՅԴ-ն սկզբունքորեն ճիշտ ընթացքի մեջ է.
«ՀՅԴ ցանկացած քայլ երկրի շահերից է բխել, հիմա էլ է երկրի շահերից բխում»։
Ռուստամյանը հույս հայտնեց, որ բախումներ չեն լինի, ճգնաժամ չի առաջանա. «Ամեն ինչի պատասխանատուն գործադիրն է»։