Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի մոտ ելույթ կունենա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի դիմաց՝ հարթակից, ելույթ կունենա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:
«Քիչ անց Բաղրամյան պողոտայում, ԱԺ դիմաց, Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից ելույթ կունենամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ: «Տեղեկություն եմ ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: «Այն պատգամավորներին, ովքեր չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում չգնալ Ազգային ժողով և չգրանցվել: Այսինքն, չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին և քաղաքացիներին կոչ եմ անում Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի, հենց հիմա նշել էր վարչապետը: