Վրաստանը կենսաբանական զենքի փորձարկումնե՞ր է կատարել Հայաստանում
Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի բիոլաբորատորիաներն այդքան հագեցած չեն, որ կենսաբանական զենք ստեղծեն, ինչը չի կարելի ասել Վրաստանի լաբորատոր ցանցի մասին։
«Ես լսել եմ՝ շատ փորձագետներ ասում են, թե Հայաստանը ստեղծում է կենսաբանական զենք, բայց նման բան չկա։ Կա տեղեկատվություն, որ մեր հարևան երկիր Վրաստանում հայտնվում են հիվանդություններ, որոնք ընդհանրապես մեր տարածաշրջանում չեն գրանցվել։ Օրինակներից մեկը դեղին տենդ և մի շարք այլ հիվանդություններ տարածող մոծակներն են, որոնք վերջին անգամ 60 տարի առաջ էին գրանցվել այս ռեգիոնում։ Հայտնվել են նաև ֆիլիպինյան ճանճեր, որոնք երբեք այս ռեգիոնում չեն եղել և որոնք ևս տարածում են մի շարք հիվանդություններ։ Ֆիլիպինյան ճանճերը չէին կարող Ֆիլիպիններից թռչել և հասնել այստեղ։ Վրաստանի ԱԱԾ նախկին պետի հայտարարություններից հետո ինձ թվում է՝ ԱԱԾ-ն պետք է լուրջ զբաղվի այդ հարցերով՝ պարզելու, թե ինչ հետազոտություններ են տարվում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մեր մասնագետները բարեխիղճ են աշխատում։
Գրիգորյանը հիշեցրեց, որ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում նախորդ տարի գրանցվել են տուլարեմիա վարակիչ հիվանդության դեպքեր: Վարակվածները տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ են եղել՝ 10-11 տարեկանից մինչև 50 տարեկան:
«Աղմուկ բարձրացավ, բոլոր ԶԼՄ-ները գրեցին, բայց ոչ ոք հետամուտ չեղավ դեպքի հետագա հետազոտությանը։ Տուլարեմիան հիմնականում տարածվում է կրծողների միջոցով, մարդուն կարող է փոխանցվել կրծողներից, բայց հիմնականում՝ ջրից և սննդից։ Հետազոտություն կատարեց հիվանդությունների հսկողության կենտրոնը. կրծողների մեջ չգտան պոպուլյացիայի ավելացում, հետազոտեցին բոլոր ջրի խողովակները, չգտան։ Դրանից հետո հայտարարություն եղավ, որ վարակի անգինոզ և ավշային տեսակներն էին, և վարակվել են օդակաթիլային ճանապարհով։ Տուլարեմիան օդակաթիլային ճանապարհով չի անցնում, բայց այն որպես կենսաբանական զենք է օգտագործվել՝ օդակաթիլային ճանապարհով մարդկանց վարակելու համար։ Դրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ մեր գյուղացիներն օդակաթիլային ձևով վարակվեցին»։
168.am-ի հարցին՝ Վրաստանը կենսաբանական զենքի փորձարկումնե՞ր է կատարել Հայաստանում, նա այսպես պատասխանեց. «Այն ինֆորմացիան, որին տիրապետում եմ, այլ բան է, եթե դա անմիջապես վտանգ ներկայացնի իմ երկրին, ես առաջինը կդիմեմ ԱԱԾ-ին, տվյալ դեպքում մենք ունենք արդեն կատարված դեպք, որը չի հետազոտվել։ Մեր ԱԱԾ-ն, լիազոր մարմինները պետք է տիրապետեն այդ ինֆորմացիային»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում