Տարբեր երկրներից մեծ թվով հանրային հեռուստաընկերություններ հետաքրքրված են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հեռարձակմամբ

Հանրային հեռուստաընկերությունը ներկայանալու է որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական հեռարձակող: ՀՀ հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում նշեց, որ տեխնիկական հիմնական ապահովումը, հեռարձակման հարցերը կարգավորելու է Հանրայի Հեռուստաընկերությունը:

«Հեռարձակումը լինելու է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Հայաստանի տարածքից դուրս: Տարբեր երկրներից մեծ թվով հանրային հեռուստաընկերություններ հետաքրքրված են այս միջոցառմամբ: Այս գործում հետաքրքրություն է ցուցաբերել նաև Եվրոպական հեռարձակողների միությունը և մենք այդ խողովակը կօգտագործենք, որ այս մեծամասշտաբ միջոցառման հետաքրքիր կողմերը հասցնենք աշխարհի տարբեր անկյուններ»,-ասաց Մարգարիտա Գրիգորյանը:

Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ մեր տարածքում Հանրային հեռուստաընկերությունն ազդանշան կունենա, և բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք ցանկություն կունենան հեռարձակել, ապա դա կկազմակերպի:

«Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ներկայացնելու է գագաթնաժողովի բացումը, համերգը: Գագաթնաժողովի կանոններից մեկն այն է, որ առհասարակ չթարգմանվի միջոցառումը, սակայն մեր պայմանավորվածության համաձայն, մեր եթերում բացման արարողությունը կներկայացնենք թարգմանությամբ»,-ասաց նա:

Հանրային հեռուստաընկերությունն առաջարկել է, որ ֆրանկոֆոն երկրներն ունենան մշակութային միջոցառում՝ ֆրանկոֆոն համերգ կամ փառատոն: Այդ առաջարկը մեծ ուրախությամբ ընդունվել է, պարզ է դարձել, որ հաջորդ տարի հնարավոր կլինի այդ գաղափարն իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս