Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված մանրամասներ

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 488 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ, որոնցից 143-ը հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մեր թիմի կողմից լրագրողների համար մշակվել է հայերեն և ֆրանսերեն լեզուներով ուղեցույց: Եթե ոչ այսօր, ապա վաղը դա կտեղադրվի գագաթնաժողովի կայքում: Այնտեղ ամեն ինչ մանրամասն բացատրված է»,- ընդգծեց Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ լրատվամիջոցների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գագաթնաժողովի վայրին կից գործելու է մամուլի կենտրոն, որը կահավորված կլինի աշխատանքային սենյակներով, մամուլի ասուլիսների և ճեպազրույցների անցկացման համար սրահով: «Մամուլի կենտրոնում հասանելի է լինելու անլար և լարային ինտերնետ, ինչպես նաև կլինեն տեխնիկական պատասխանատուներ՝ համապատասխան տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին զուգահեռ  Ծաղկաձորում տեղի է ունենալու Ֆրանկոֆոն լրագրողների միության տարեկան կոնգրեսը՝ 300 լրագրողի մասնակցությամբ: Բալայանը հայտնեց, որ այս տարվա կոնգրեսն ընթանում է «Մեդիա և միգրացիա» խորագրի ներքո:

Տիգրան Բալայանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից սկսած պարբերաբար հանդես են գալու ճեպազրույցներով՝ միջազգային և տեղական լրատվամիջոցներին ներկայացնելու գագաթնաժողովի, դրան նախորդող միջոցառումների ընթացքը և արդյունքները: «Ճեպազրույցները կանցկացվեն առանձին-առանձին՝ հայաստանցի լրագրողների համար հայերենով, ֆրանսախոս լրագրողների համար՝ ֆրանսերենով: Դրանց ժամանակացույցի մասին ձեզ հավելյալ տեղեկություններ կհաղորդեմ»,- նշեց նա:

Մամուլի կենտրոնի աշխատանքները սկսվելու են հոկտեմբերի 7-ին, այն բաց է լինելու առավոտյան 07:00-ից ու գործելու է մինչև մոտավորապես ժամը 24:00-ն: Տիգրան Բալայանն ընդգծեց, որ միջազգային և տեղական լրատվամիջոցների տեղափոխումը մամուլի կենտրոն իրականացվելու է միայն իրենց կողմից տրամադրված ավտոբուսներով, որոնք, սկսած հոկտեմբերի 7-ից, ամեն առավոտ ֆիքսված ժամի Շահումյան հրապարակից կուղևորվենԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: «Լրատվամիջոցների շփումը պատվիրակությունների ներկայացուցիչների հետ կազմակերպելու համար մենք ունենք մի քանի տասնյակ կամավոր: Գագաթնաժողովի պաշտոնական լրատվական գործակալությունը և լուսանկարիչը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որն արդեն իսկ երեկ բացել է նաև ֆրանսերեն լեզվով կայքը»,- ընդգծեց Տիգրան Բալայանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս