
Ֆրանսիայում 11 մարդու են ձերբակալել ահաբեկիչներին օգնելու կասկածանքով

Ֆրանսիայի հյուսիսի Դյունկերկ քաղաքի մերձակայքում գտնվող Գրանտ-Սենտ կոմունայում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում ձերբակալել են 11 մարդու: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
ԶԼՄ-ները ճշտում են, որ նրանց կասկածում են ահաբեկչական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու մեջ: Խուզարկություններն ընթանում են Centre Zahra France մուսուլմանական կազմակերպությունում, ինչպես նաեւ դրա բարձրաստիճան ներկայացուցիչների տներում: AP-ն նշում է, որ հետաքննության վարկածով՝ «կազմակերպությունում, դրա առաջնորդների մատուցմամբ, քարոզվում էին գաղափարներ, որոնք հակասում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին»:
Հատուկ գործողությանը մասնակցում են ավելի քան 200 ոստիկաններ:
Գրանտ-Սենտ կոմունան մեծ ժողովրդականություն է վայելում նաեւ Ֆրանսիայի միգրանտների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ձգտում են անցնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: