Բաժիններ՝

Ֆրանկոֆոնիայի գալա համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման Արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

«Կոնցեպտուալ առումով հետաքրքիր լուծումներով համերգ է նախատեսված՝ հին Հայաստանից սկսած մինչև մեր օրերը: Ավարտական մասն ամբողջությամբ նվիրված էր լինելու Շառլ Ազնավուրին, նախատեսված էր իր անմիջական մասնակցությունը, իր նվագախմբով: Քանի որ նա միշտ բեմի վրա է եղել, իրեն այդպես է պատկերացրել, ապա մենք այդ մասը պահպանելու ենք: Այնպիսի լուծումներ ենք գտել, որ Շառլ Ազնավուրի բացակայությունը որևէ կերպ չզգացվի: Համերգի այդ հատվածը շատ ավելի մեծ շեշտադրումներով է արվելու: Չեմ բացառում, որ կլինեն նաև աշխարհահռչակ աստղեր, որ կցանկանան իրենց մասնակցությունը բերել: Սա բանակցային պրոցես է, բնականաբար ամբողջական լուծումներ գտնվելու դեպքում կտեղեկացնենք»,-ասաց Վահագն Մելիքյանը:

Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, ով համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը, Մելոդի Գարդոն, Զազը:

«Խնդրանք մեր բնակչությանը, այդ օրերին բարձր ըմբռնումով մոտենալ կազմակերպչական խնդիրներին: Պատկերացրեք միաժամանակ 40 կետից շարվելու են ավտոշարասյուններ, ամենաբանուկ փողոցներն ուղղակի փակ են լինելու, որովհետև վայրկյանով հաշված ժամանակագրություն կա»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս