
Brexit-ի «կոշտ սցենարը» կհանգեցնի լուրջ դժվարությունների. Յունկեր

Եվրամիությունն առաջվա պես հույս ունի Մեծ Բրիտանիայի հետ փոխշահավետ համաձայնագիր կնքել ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որի հեռարձակումն իրականացնում էր Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք համաձայնագիր կնքել: Նրանք, ովքեր կարծում են, որ համաձայնագրի բացակայությունը լավագույն լուծումը կլինի, չեն պատկերացնում՝ ինչ դժվարություններ առաջ կբերի նման սցենարը»,- նախազգուշացրել է Յունկերը: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: