«Փաշինյանը փորձում է կամ ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել, կամ իրականությանը չհամապատասխանող փաստարկներ բերել, որպեսզի ապահովագրի իր կառավարությունը». Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպման և նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա: Այսօր ԱԺ-ում խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանդիպումների նպատակը որևէ կողմին գոհացնելը չէ, այլ սա աշխատանքային քննարկում է:

«Ռեալիթի շոու չէ, և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը: Մեր տեսակետները ծայրահեղ տարբեր չեն: Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը, երբ վերջում մեկնաբանություն էր տալիս, ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2022 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց Ա.Աշոտյանը:

Ըստ նրա՝ հանրային քննարկում ծավալելու դեպքում մեծ է շանսը, որ վերջնարդյունքում կունենանք ինչ-որ մի քաղաքական, եթե ոչ՝ կոնսենսուս, ապա կարծիքների համադրելի վիճակ: Ամեն դեպքում, նրա դիտարկմամբ, պետք չէ թերագնահատել մյուս ուժերին՝ «Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին, և այս գործընթացի հաջողությունը պայմանավորված չէ միայն քաղաքական դաշտի երկու տարբեր բևեռների՝ Փաշինյան-Բաղդասարյան ձևաչափի արդյունավետությամբ.

«Այն պայմանավորված է նաև խորհրդարանական այլ ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցելու և ընդհանուր հայտարարարի գալու ունակությամբ: Կարծում եմ՝ ներվը պետք է հանել այդ բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին ինտերվյուի ընթացքում: Ներվը պետք է հանել, պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ են խոսել»:

Կարդացեք նաև

«Գործող վարչապետն ունի մտահոգություններ, որ, երբ սպառվեց աշխատելու սահմանադրական իր իմունիտետը, մայիսի 9-ից նա կարող է Ազգային ժողովում ստանալ անվստահության քվե: Սա այն հիմնական հանգրվանն է, որի մասին նաև մի քանի անգամ խոսել է Նիկոլ Փաշինյանը: Եվ որպեսզի ապահովագրի իր կառավարությունը, փորձում է կամ ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել, կամ իրականությանը չհամապատասխանող փաստարկներ բերել»,- հայտարարեց Ա.Աշոտյանը՝ մերժելով տարբերակը, որ Փաշինյանը շտապում է արտահերթ ընտրություններն անցկացնել, որպեսզի երկրում ստեղծվի կայությունություն, և ներդրողները սկսեն ներդրումներ անել:

Տեսանյութեր

Լրահոս