Բաժիններ՝

Չինական ռազմանավն ամերիկյան Էսկադրային ականակրին վռնդել է վիճելի կղզիներից

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Լույան» Էսկադրային ականակիրը սեպտեմբերի 30-ին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դեքաթուր» Էսկադրային ականակրին հարկադրել է հեռանալ Սփրաթլի (չինական Նանշա) կղզիներից՝ վերջինիս մոտենալով ոչ անվտանգ հեռավորությամբ:

Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ներկայացուցչի։ «Չինական «Լույան» Էսկադրային ականակիրը Հարավչինական ծովում մոտեցել է ամերիկյան «Դեքաթուր» Էսկադրային ականակրին՝ կատարելով ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ խուսավարումներ»,- CNN հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Չառլզ Բրաունը:

Նրա խոսքով՝ չինական ռազմանավը «կատարել է խիստ ագրեսիվ խոսավարումներ, որոնք ուղեկցվել են նաեւ շրջանից «Դեքաթուրի» հեռանալու պահանջներով»: Ըստ որում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը «կշարունակեն թռչել, նավարկել եւ գործել ցանկացած շրջանում, որտեղ դա թույլատրված է միջազգային իրավունքով»:

Սփրաթլի կղզիների տարածքը վիճարկվում է միանգամից վեց պետությունների՝ Վիետնամի, Չինաստանի, Թայվանի, Մալայզիայի, Ֆիլիպինների եւ Բրունեյի կողմից: Արշիպելագի կղզիները կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանում ներկայության տեսակետից: Բացի դրանից, ըստ հետազոտությունների տվյալների՝ դրանց շրջանում նավթի եւ գազի խոշոր հանքավայր է գտնվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս