Բաժիններ՝

Թուրքիան 2019-ին կարող է ստանալ ևս 2 հատ F-35 կործանիչ

Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությանը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն չի բացառում, որ Թուրքիան 2019թ. մարտին կստանա ևս  2 հատ F-35 տեսակի նոր սերնդի կործանիչ։ Թուրքիան 2 նման ինքնաթիռ ստացել էր այս տարվա հունիսին։

«Կարծում ենք, որ 2019թ. մարտին ևս 2 ինքնաթիռ կհանձնվի»,-ասել է «F-35» նախագծի փոխտնօրեն Մեթ Վինթերը և նշել,  որ 100 միավոր F-35-ների մատակարարման վերաբերյալ  այս պահին դեռ որևէ հստակ բան չկա:

Անդրադառնալով հարցին, թե երբ պետք է Պենտագոնը զեկույց պատրաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին,  ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ այն պատրաստ կլինի առաջիկա 90 օրվա ընթացքում։

Նշենք, որ 90 օրվա ընթացքում Պենտագոնը պետք է Կոնգրեսին ներկայացնի թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին մանրամասն զեկույց: Դրանում պետք է ներկայացված լինի նաև այն, թե ինչպես կանդրադառնա ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԱՄՆ-ն նախատեսում էր այդպիսի 100 ինքնաթիռ վաճառել Թուրքիային, բայց թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է F-35 կործանիչների մատակարարումն Անկարային։

Լարված հարաբերությունների պատճառը հիմնականում այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից պատրաստվում է գնել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Konhaber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս