ՀՔԾ պետը պետք է հրաժարական տա. Սարի թաղի գործով տուժողները դիմում են դատախազություն. 1in.am
1in.am-ի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունից որևէ կերպ չեն մեկնաբանում «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի կողմից ՀՔԾ պետի հրաժարականի պահանջը։
Հիշեցնենք, որ 2016-ին «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ հուլիսի 29-ին, Սարի թաղի միջադեպի ժամանակ տուժել էր նաև Անդրիաս Ղուկասյանը, սակայն օրերս պարզ դարձավ, որ նրա և Սարի թաղի տուժողներից մի շարք անձանց մասով քրեական գործի քննությունը կասեցվել է՝ մեղավորներին հայտնաբերել չկարողանալու անհնարինությամբ։
Մինչդեռ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ այդ գործի բացահայտումը և մեղավորներին հայտնաբերելը անհնարին չէ։
Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ իրենց հայտարարությունից հետո իրավիճակը սխալ է հասկացվել։ Քրեական գործի վարույթը ոչ թե կարճվել է, այլ կասեցվել է, որը նշանակում է, որ ցանկացած պահի այն կարող է վերաբացվել, եթե հետախուզական մարմինները հայտնաբերեն մեղավորներին: «Օպերատիվ հետախուզական գործողությունները դեռ շարունակվում են։ Այո, գործի քննությունը այս փուլում կասեցվել է, բայց հանձնարարականներ են տրվել հետախուզական մարմիններին տեսանյութերում առկա մարդկանց ինքնությունը պարզելու համար, որից հետո քննությունը կվերսկսվի»,- ասաց Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին անելիքը դատախազությանն է։
Գլխավոր դատախազությունը այս պահին դեռևս որոշում չունի, քանի որ տուժողները դեռ աշխատում են գլխավոր դատախազություն ներկայացվելիք բողոքների վրա։ Որոշ բողոքներ էլ նոր են մուտք արվել և դեռ չեն ուսումնասիրվել։
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունն իրապես թերացել է, քանի որ Սարի թաղի գործողությունների ժամանակ ամեն ինչ եղել է տեսախցիկների առաջ։ Ամեն ինչ, ամեն ոք, մեղավորները պարզ երևում են տեսագրություններում։ Բավական էր միայն ուսումնասիրել այս տեսանյութերը, նույնականացնել անձանց և նրանց ենթարկել պատասխանատվության։ «ՀՔԾ-ի կողմից այս գործելաոճը մեկ բառով է բնութագրվում՝ անգործություն, խայտառակ անգործություն, քանի որ, եթե բողոքում գրված է մեղավորի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ժամը, տեսագրությունը, և այդ պարագայում վարույթն իրականացնող մարմինը չի հայտնաբերում մեղավորին, ապա այլ բնութագրում հնարավոր չէ տալ, քան անգործությունը։ Ես կարող եմ վստահաբար պնդել, որ ՀՔԾ քննիչի կողմից հատկապես մեր պաշտպանյալների մասով կարճման որոշումները անհիմն են»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: