Ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկին. երեխայի սպանության մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Դատարանը բավարարել է մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա, վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաև՝ մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին:
Նկատելով ամուսնու կողմից երեխայի նկատմամբ բռնության գործադրումը՝ մայրը, ձեռք բերված տվյալների համաձայն, փորձել է միջամտել, սակայն ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով գլխին, ապա՝ նաև ապտակել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: