«Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ ինձ համար միշտ օրինակ կլինի». Անդրեա Բոչելիի ցավակցական գրառումն Ազնավուրի մահվան կապակցությամբ
Իտալացի հանրահայտ երգիչ Անդրեա Բոչելին ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Բոչելին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նույն բեմում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար ու կատարել է հետևյալ գրառումը.
«Շառլ, Դուք միշտ զարմացրել եք մեզ Ձեր արվեստով ու փայլուն առոգանությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ 60 տարեկան եղել, բայց դա 30, ավելի շուտ 34 տարի առաջ էր»:
Իրականում Դուք մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք և, չնայած գրեթե մեկ դար ներառող կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգ տալ ցանկացած վայրում ու ցանկացած պահի: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, իսկ Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ միշտ օրինակ կլինի ինձ համար: «Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, դուք պետք է սիրեք հանդիսատեսին»: Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք, և, անկասկած, այս արվեստի մեջ Դուք անսահմանափակ սեր եք ներարկել»: