«Նորմալ չէ, երբ երիտասարդ աղջիկները Նիկոլ Փաշինյանին տեսնելիս այնպես են նվաղում, որ հուզմունքից լալիս են». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որքան էլ մենք մեզ համոզենք, որ նորմալ է՝ Երեւանի բնակչության 35-40 տոկոսը կարող է իր ձայնը տալ մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի, որ մարդիկ իրավունք ունեն տասնամյակների հիասթափություններից ու անպտուղ պայքարից հետո ոգեւորվել եւ իրենց սրտում եղած ողջ սերն ու կարոտը փոխանցել հեղափոխական երիտասարդներին, ամեն դեպքում նորմալ չէ, երբ հասարակությունը չի գիտակցում, որ իր սերը կարող է փչացնել այդ երիտասարդներին։
Նորմալ չէ, երբ քվեարկության գնացող մարդը չի գիտակցում, որ ընտրովի մարմնում պետք է բազմազանություն լինի, իսկ ուժեղ ընդդիմությունը հենց իրեն՝ իշխանությանն է անհրաժեշտ։
Նորմալ չէ, երբ երիտասարդ աղջիկները Նիկոլ Փաշինյանին տեսնելիս այնպես են նվաղում, որ հուզմունքից լալիս են։ Նման տեսարանների միայն ժամանակին «Բիթլզ» խմբի համերգների ժամանակ էինք ականատես լինում։
Նորմալ չէ, երբ երիտասարդ կանայք սիրատոչոր մղվում են դեպի վարչապետը՝ նրա ձեռքին դիպչելու, անգամ համբուրելու, մոտիկից տեսնելու-զննելու անբացատրելի մղումով։ Նման մղումով երեւի Հիսուսին էին դիմավորում երուսաղեմցիները։ Նորմալ չէ, երբ վարչապետի հետ սելֆի անողների բանակը գերազանցում է կինոյի ու թատրոնի արտիստների հետ սելֆի անողներին…
Այս վիճակը, ի վերջո, հանրային «առողջության» մասին է վկայում։ Այն մասին, որ մենք ո՛չ նորմալ սիրել գիտենք, ո՛չ հարգել։ Մեր սերն ավելի շատ վնասում է մեր սիրո օբյեկտին, քան օգնում։ Իսկ պետական այրերին առհասարակ պետք չէ սիրել, պետք է պահանջել եւ աշխատեցնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: