Բաժիններ՝

Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է քաղցկեղի բուժման աշխատությունների համար

Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Այս տարի մրցանակին արժանացել են գիտնական-իմունոլոգներ Ջեյմս Էլիսոնը եւ Տասուկու Հոնձյոն իմունային պատասխանի ակտիվացման ճանապարհով քաղցկեղի բուժման հայտնաբերման համար: Հաղթողի հայտարարման ուղիղ հեռարձակումն ընթանում էր Նոբելյան կոմիտեի կայքում։

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում պարգեւը շնորհում է Ստոկհոլմի թագավորական Կարոլինյան բժշկավիրաբուժական ինստիտուտը: Նրա Նոբելյան ասամբլեան ներառում է 50 մարդ: 2017 թվականին ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել էին ԱՄՆ-ից գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին՝ մոլեկուլյար այն մեխանիզմների ուսումնասիրման համար, որոնք կարգավորում են օրգանիզմի ցիրկադային ռիթմերը:

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում մրցանակի հանձնմամբ մեկնարկել է «Նոբելյան շաբաթը», այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ից մինչեւ 8-ը: Հոկտեմբերի 2-ին հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառի, հոկտեմբերի 3-ին՝ քիմիայի գծով դափնեկիրը: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը հիմնվել է 1969 թվականին՝ Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 8-ին:

Այս տարի Ստոկհոլմում կհրապարակեն Նոբելյան հինգ դափնեկիրներից չորսի անունները: Նոբելյան կոմիտեն որոշել է չշնորհել գրականության Նոբելյան մրցանակ եւ դրա հանձնումը տեղափոխել է 2019 թվական: Այդ որոշումն ընդունվել է Շվեդիայի ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ: Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի ավելացվել է մինչեւ 9 մլն շվեդական կրոն (1,12 մլն դոլար): Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս